Ի՞նչ է SEO-ն․ Google-ի ալգորիթմները
Վստահ եմ՝ լսել եք SEO տերմինը, սակայն հնարավոր է, որ լավ չեք պատկերացնում նրա էությունը և նպատակը։ Հենց այս հոդվածում էլ կստանաք Ձեզ անհանգստացնող հարցերի պատասխանները և լիովին կպատկերացնեք SEO օպտիմալացման առանձնահատկությունները:
SEO-ն կայքերի օպտիմալացումն է՝ որոնողական համակարգերի պահանջներին համապատասխանելու և առաջատար դիրք զբաղեցնելու նպատակով։ Անկասկած, SEO-ն թվային մարքեթինգի այն ճյուղերից է, որտեղ զգալի արդյունքի հասնելու համար համեմատաբար երկար ժամանակ է պահանջվում։ Ամեն դեպքում ճիշտ գործելու դեպքում ծախսված ժամանակն արդարեցնում է իր նպատակը․ համացանցի այցելուների մեծ մասը ձևավորվում է որոնողական համակարգերի միջոցով։
Իսկ թե ինչպե՞ս են աշխատում որոնողական համակարգերը և ինչպե՞ս արժանանալ նրանց հավանությանը, կքննարկենք միասին։
Ինչպե՞ս է աշխատում Google-ը
Որոնողական համակարգերից ամենաշատ օգտագործվողը (դե գոնե հաշվի առնելով Հայաստանի տվյալները) հավանաբար Google-ն է: Հարցման լավագույն պատասխանն օգտատերերին տալու նպատակով Google-ը ահռելի քանակությամբ բովանդակություն է հավաքագրում։ Այս ամբողջ բովանդակության մեջ հնարավոր լավագույնն ընտրելու նպատակով Google-ը հաշվի է առնում հարյուրավոր գործոններ։
Եկեք հասկանանք, թե որոնք են այն հիմնային գործողությունները, որոնց արդյունքում որոնողական համակարգերը որոշում են Ձեր ներկայացրած բովանդակության դիրքը։
#1 Սկանավորում (Crawling)
Սա այն գործողությունն է, որի ընթացքում որոնողական համակարգերն ուսումնասիրում են կայքերը, գտնում կատարված թարմացումները, ավելացված էջերը, ինչպես նաև արդեն գոյություն չունեցող հղումները (այսպես կոչված dead links):
Հենց սկանավորման արդյունքում էլ պարզ է դառնում, թե արդյոք Ձեր էջը օպտիմալացված է հաջորդ փուլ անցնելու համար։
#2 Ինդեքսավորում (Indexing)
Այն էջերը, որոնք սկանավորման արդյունքում արժանանում են համակարգի հավանությանը, ինդեքսավորվում են որոնողական համակարգի բոտերի կողմից։ Սա նշանակում է, որ ինդեքսավորված էջերը պահվում են որոնողական համակարգերի տվյալների բազայում՝ հետագայում ըստ թեմաների վերաբաժանվելու և համակարգի ալգորիթմների կողմից գնահատվելու նպատակով։
#3 Դասակարգում
Որոնողական համակարգերը դասակարգում են միայն ինդեքսավորված էջերը։ Այս գործընթացում հաշվի են առնվում հիմնաբառերը, որոնք օգտատերերը որոնում են համակարգում, և ինդեքսավորված էջերը, որոնք առավել համապատասխան են որոնման թեմային։
Թե ինչ պետք է անել, որ որոնողական համակարգի բոտերը սկանավորեն, ինդեքսավորեն և դասակարգեն Ձեր ցանկացած էջը համակարգի առաջնային արդյունքներում, կարող եք սովորել մեր վիդեոդասում։
Google-ի ալգորիթմները
Քանի որ արդեն տեղեկացաք, թե ինչպիսի գործողությունների արդյունքում է Google-ը ցուցադրում վեբ էջերը, եկեք ծանոթանանք նաև Google-ի ալգորիթմներին, որոնց շնորհիվ իրականացվում են այս գործողությունները և բարձրացնում որոնման արդյունավետությունը։
#1 Caffeine
Այս ալգորիթմը վեբ էջն ինդեքսավորման համար հասանելի է դարձնում սկանավորումից վայրկյաններ անց։ Այս կերպ օգտատերերն ավելի թարմ և նոր ինֆորմացիա են ստանում կարճ ժամանակահատվածում։
#2 Panda
Panda-ն պատասխանատու է բովանդակության որակի համար։ Google-ը մտածում է իր օգտատերերին վստահելի նյութեր ապահովելու մասին։
#3 Penguin
Այս ալգորիթմի օգնությամբ Google-ը սկանավորում է վեբ էջերում առկա հղումները և պայքարում այլ կայքեր տանող սպամավորված հղումների դեմ։
#4 Hummingbird
Google-ի Hummingbird ալգորիթմը բացահայտում է օգտատիրոջ որոնման գլխավոր նպատակը և որոնման արդյունքներում ցուցադրում ամենահավանական էջերը, որոնց իմաստը լիարժեք պատասխանում է որոնողների հարցերին։
#5 Possum
Այս ալգորիթմը պատասխանատու է տարածքային որոնման համար, երբ նույն որոնումը տարբեր արդյունքներ է ապահովում՝ կախված օգտատիրոջ աշխարհագրական դիրքից։
Google-ի ալգորիթմներն անընդհատ թարմացվում են՝ սովորաբար տարվա մեջ մի քանի անգամ։ Նպատակն օգտատերերին ավելի վստահելի և արժեքավոր քոնթենթի տրամադրումն է։ Եթե ցանկանում եք արժանանալ համակարգի հավանությանը, ապա ավելի մանրամասն ծանոթացեք Google-ի ալգորիթմներին վիդեոդասի միջոցով։